ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Րաֆֆի Հովհաննիսյան․ «Մեզ արտահերթ լուծում է պետք»

Րաֆֆի Հովհաննիսյան․ «Մեզ արտահերթ լուծում է պետք»
08.12.2014 | 18:31

Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ եռյակը չի սպառվել, բայց ունի մեթոդաբանական շտկման անհրաժեշտություն: Խորհրդարանական համագործակցությունը պիտի շարունակվի. չորսի, երեքի, թե հինգի համագործակցությունից դուրս գալու խնդիր չկա՝ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Վանաձորում՝ հանրահավաքից հետո պատասխանելով «Ազատության» հարցերին: «Բայց կա ժողովրդին դեմ դիմաց հրապարակելու օրակարգը, հերթականությունը, որպեսզի ժողովուրդը իմանա, և ես կարծում եմ, որ մեզ սպասում են ճակատագրական, բախտորոշ և արտահերթ մի քանի ամիսներ, որոնք ենթադրում են նոր լուծումներ: Դրա համար մենք կաշխատենք մեր գործընկերների հետ, բայց չեմ կարծում, որ որևէ մեկը կուզենա՝ ոչ քաղաքական ուժ, ոչ էլ՝ քաղաքացի, որ ինքը ժամավաճառությամբ զբաղվի: Ժողովուրդը պետք է տեսնի, որ ինչ այս մի տարվա մեջ արվել է, պետք է արդյունքի բերվի»,- ասաց Հովհաննիսյանը:
«Ժառանգության» նախագահը «ամբողջական իշխանափոխություն» եզրը չի օգտագործում, բայց համարում է, որ կա երեք ուժերի կառուցողական համագործակցություն հատկապես խորհրդարանում:
Հարցին՝ արդյոք եռյակը չի՞ սպառվել, Հովհաննիսյանն արձագանքեց, որ իր կարծիքով՝ չի սպառվել և ունի հեռանկար, բայց ունի նաև մեթոդաբանական շտկման անհրաժեշտություն, որը ենթադրում է քաղաքացիական ուժերի ներառում, որոշումների մեխանիզմի հայտարարություն և այն, թե որն է իրենց նպատակը, որոնք են միջոցները: «Մինչև դա չեղավ, չենք կարող ասել, որ կա ամբողջական օրակարգ և չկա ամբողջական շարժում: Դրա համար անհրաժեշտ է, որ ղեկավարները հանդիպեն, որոշեն և ներկայացնեն ժողովրդին այդ միացյալ օրակարգը»,- ընդգծեց «Ժառանգության» նախագահը: Հովհաննիսյանը հավելեց, որ եռյակի ղեկավարներին տևապես հրավիրում է հանդիպումների: Նրա դիտարկմամբ՝ բնական է, որ քաղաքական գործընկերները, նույնիսկ եթե ունենան տարաձայնություններ, պիտի հաղորդակցության խողովակները բաց պահեն:
«Իհարկե, կան տարբերություններ՝ թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական, դրանք պետք է հաղթահարվեն, բայց, իմ կարծիքով, հիմա անհրաժեշտ է հրապարակ բերել այս հիմնախնդիրը: Մենք պետք է ավելի ճշգրիտ խոսենք ժողովրդի հետ: Ժողովուրդը արժանի է դրան»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ձեզ վստահեցնում եմ, որ այս տարվա փետրվարի 18-ին Երևանում, կամ այս տարվա ապրիլի 9-ին Գյումրու հրապարակում, եթե այդ ուժերը իրենց համակիրներով, ժողովրդով, ղեկավարներով կանգնեին կողք կողքի, մենք կունենայինք նոր Հայաստան: Հիմա դրա կամքը և հանձնառությունը անհրաժեշտ են, եթե փոփոխություն ենք ուզում, ոչ թե պատրաստվել ընտրությունների, թե ինչ-որ, էսպես, միջկուսակցական բնականոն հարաբերություններ: Մեզ արտահերթ լուծում է պետք»,- շեշտեց «Ժառանգության» նախագահը:

Դիտվել է՝ 1400

Մեկնաբանություններ